Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աշխատակազմի 53-ամյա ղեկավար Անդրեյ Կոբյակովին նշանակել է վարչապետ՝ Միխայիլ Մյասնիկովիչին պաշտոնանկելով, իսկ Պավել Կալաուրին՝ Ազգային բանկի ղեկավար։ Աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Ալեքսանդր Կոսինեցը, որ նախկինում Վիտեբսկի շրգործկոմի նախագահն էր: Փոփոխությունները պայմանավորված են Բելառուսի տնտեսական և ֆինանսական ճգնաժամային երևույթներով, որոնք առաջացել են հարևան Ռուսաստանի հետ տարաձայնությունների, բելառուսական շուկայի վրա ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցության հետևանքով։ Լուկաշենկոն իրավիճակն արտառոց չի համարում՝ նախագահական ընտրությունների տարում նա ավանդաբար նոր նշանակումներ է անում և բոլոր մակարդակներում կադրային ռոտացիա: Նա ցանկացել է, որ նոր կառավարությունը աշխատանքային հունի մեջ մտնի մինչև ընտրությունները: Եթե հաջող ստացվի, ընտրություններից հետո էլ կառավարությունը կպաշտոնավարի: «Ես պատրաստ եմ, եթե ամեն ինչ նորմալ լինի, աշխատել կառավարության այս կազմի և պաշտոնատարների հետ», -ասել է նա և հավելել, որ ունի կադրային ռեզերվ, որ պատրաստ է օգտագործել ընտրություններից հետո: Բելառուսի նախագահը նաև Գրոդնոյի ու Մինսկի շրջգործկոմների նոր նախագահներ է նշանակել, փոխել է
բնակկենցաղային տնտեսության, տեղեկատվության, մշակույթի, պաշտպանության, ֆինանսների նախարարներին: Լուկաշենկոն հատուկ ուշադրություն է դարձրել տնտեսությանը: Նրա խոսքով` «դա ամենամեծ վտանգն է և պատասխանատվության ամենամեծ գոտին»: Հարկահանության նոր նախարարին Լուկաշենկոն ասել է, որ նրա խնդիրը բյուջեի համալրման լրացուցիչ ուղղություններ գտնելն է, բայց առանց հասարակական լարման: